Ռուսաստանի բյուջեն օրական ստանում է շուրջ 110-160 մլն դոլար լրացուցիչ եկամուտ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով նավթի գների թռիչքի շնորհիվ։ Պատերազմի առաջին 12 օրվա ընթացքում երկիրն արդեն անվանականորեն վաստակել է 1,3-1,9 մլրդ դոլար։
Ըստ Financial Times-ի հաշվարկների՝ եթե նավթի միջին գինը պահպանվի 70-80 դոլարի սահմաններում, մարտ ամսվա լրացուցիչ շահույթը կարող է կազմել 3,3-4,9 մլրդ դոլար։ Սա հնարավոր դարձավ ռուսական բարելի նկատմամբ կտրուկ աճած պահանջարկի և զեղչերի (դիսկոնտ) փոխարեն հավելավճարների (պրեմիում) անցման շնորհիվ։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրեց Հնդկաստանին ավելացնել ռուսական նավթի գնումները, հնդկական ընկերություններն ընդամենը հինգ օրում կնքեցին 30 մլն բարելի պայմանագիր, ինչը հավասար է ողջ փետրվար ամսվա ծավալին։
Հնդկաստան. Մատակարարումները կարող են հասնել օրական 2 մլն բարելի։ Արդեն իսկ հնդկական ընկերությունները ռուսական նավթի համար Brent-ի համեմատ հավելյալ վճարում են մոտ 5 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Չինաստան. Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր Չինաստանի և Հնդկաստանի ներկրման ծավալները շաբաթական կտրվածքով աճել են 22%-ով։
Urals տեսակի նավթի գինը հասնում է 85 դոլարի։ Փորձագետների կարծիքով՝ սա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված ծովային ծառայությունների արգելքը (պատժամիջոցների 20-րդ փաթեթ) փաստացի «մեռած է», իսկ ԱՄՆ-ի վրա ճնշումը՝ մեղմացնելու հակառուսական պատժամիջոցները, գնալով աճում է։
Նավթի գնի յուրաքանչյուր 10 դոլարով թանկացումը ռուսաստանյան արտահանողներին բերում է լրացուցիչ 2,8 մլրդ դոլար եկամուտ։ Դրանից պետությունը հարկերի տեսքով ստանում է 1,63 մլրդ դոլար։
Չնայած փետրվարին Ռուսաստանն արձանագրել էր նվազագույն եկամուտներ (9,5 մլրդ դոլար), ներկայիս ճգնաժամը թույլ կտա Մոսկվային արագորեն գործարկել ազատ հզորությունները և ավելացնել արդյունահանումը օրական ևս 400,000 բարելով։ Ռուսաստանը դարձել է այս կոնֆլիկտի «գլխավոր հաղթողը» տնտեսական տեսանկյունից։ Եթե ճգնաժամը երկարի, Պեկինն ու Նյու Դելին բառացիորեն «կկռվեն» ռուսական նավթի համար՝ ապահովելով Մոսկվայի ֆինանսական կայունությունը։