«Մեր ձևով» շարժման համակարգող, «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ, նույն կուսակցության
անցումային վարչապետի թեկնածու, նաև՝ տաքսիստ, գինեվաճառ, պատմության գիտակ, տնտեսական
գործիչ, «հոկտեմբերիկ»․․․ Նարեկ Կարապետյանը դպրոցում սովորելու տարիներին «մաթեմի» դասերից ոնց որ թե փախել է։ Կամ էլ՝ չի
փախել, պարզապես տարրական մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս ապավինել է «կալկուլյատորի»
զորությանը՝ փոխարենն աշխատեցնելու սեփական՝ աստվածատուր «կալկուլյատորը», որ գորշ
զանգված կամ գլխուղեղ կկոչվի։ Հա, աշխատել ասացինք, հիշեցինք, որ կարապետյանները շատ են սիրում խոսել աշխատանքից ու
իրենց կողմից ստեղծվելիք 300 հազար աշխատատեղերից։ Հենց աշխատատեղերի թեման էլ, ի դեպ,
առիթ դարձավ, որ Նարեկ Կարապետյանն ի ցույց
դնի իր մաթեմատիկական կարողությունները։ Ի ցույց դնելու վայրը «փոդքաստներից» մեկի
տաղավարն էր։
Չէ, իր հորեղբորորդի Սարգիս Կարապետյանի վարած «փոդքաստի» տաղավարի մասին չէ խոսքը,
թե չէ․․․ աշխատատեղերի, դրանց հաշվարկի մասին խոսակցությունը վերջում հանգելու էր «Ուժեղ Հայաստան»-ում
բացվելիք նոր աշխատավայրին՝ սեքսի նախարարությանը։ Մոռանանք Սարգիս Կարապետյանին, դառնանք
Կարապետյաններից Նարեկին ու նրա սիրելի թեմային՝ աշխատատեղերին։ Նա «փոդքաստի» տաղավարում
ազդարարեց, որ մասնավորապես արդյունաբերության ոլորտում 5 տարում ստեղծելու են 90 հազար աշխատատեղ։
Երբ փոդքաստի հաղորդավարուհին «անցումային վարչապետացուից» փորձեց ճշտել՝ ինչպե՞ս
են ստեղծելու այդ քանակի աշխատատեղ, քանի որ իր ասած 90 հազարը երբ բաժանենք 5 տարվա շաբաթների մեջ, կստացվի, որ ամեն
շաբաթ պետք է գործարան բացվի, որը կունենա 346 աշխատող, Նարեկ Կարապետյանն ինքնավստահ
ազդարարեց․ «Ամեն ամիս երկիրը պետք ա 1000 աշխատատեղ ստեղծի, ձեր ասած թվով եմ ասում, էլի,
ես չեմ հաշվել։ Ամեն ամիս 1000 արդյունաբերության մեջ։ Ամեն ամիս, երկիրը։ ․․․Դե շատ փոքր թիվ է, ես կոնսերվատիվ
հաշվարկ եմ ներկայացրել, մեր երկրի պոտենցիալը ավելի շատ է»,- հակադարձում է Կարապետյանը։
Հաղորդավարուհին էլ հակադարձում է. «Եթե ասում եք ամիսը 1000 աշխատատեղ, ստացվում է,
որ ոչ թե 90 հազար, այլ 60 հազար աշխատատեղ եք բացելու»։ Նարեկ Կարապետյանը «քոնթրոլ
զեթ» է լինում՝ վերադառնում է դպրոց, հինգերորդ
դասարանի մաթեմատիկա ու, մտովի հաշվարկ կատարելով, պարզում է, որ․․․ վայ քո, իր ասած այդ 90 հազար
աշխատատեղը ստեղծելու համար պետք է ամսական ոչ թե 1000, այլ «1200-1300-ի կարգի» աշխատատեղ
ստեղծել։ Հաշվարկի ընթացքում, սակայն, պարզվում է, որ, չէէէ․․․ Կարապետյանի ասած 90 հազար աշխատատեղը 5 տարվա ընթացքում բացելու
համար պետք է ամսական բացել ոչ թե «1200-1300-ի կարգի», այլ՝ 1500 աշխատատեղ, տարեկան՝
18 հազար։ Նարեկ Կարապետյանը չհանձնվեց, առարկեց
հաղորդավարին, թե՝ 18 հազարը շատ մեծ թիվ է,
իր ասած 90 հազար աշխատատեղը բացելու համար
պետք է տարեկան 15-16 հազար աշխատատեղ բացել։
Ինչ խոսք, զվարճալի էր տեսնել ու լսել Նարեկ Կարապետյանն ընդդեմ Նարեկ Կարապետյանի մաթեմատիկական բանավեճը։ Նարեկներից մեկը սկզբում
ասում էր, որ 90 հազար աշխատատեղ բացելու համար ամսական պետք է ստեղծել 1000 աշխատատեղ,
հետո մի քիչ «բարձրացրեց»՝ մինչև մի 12-13
հազար, հետո․․․ կանգ առավ 15-16 հազարի վրա։ Փառահեղ է։
Դուք է՞լ խճճվեցիք։ Մենք որ՝ հաստատ։ Արձանագրենք՝ «փոդքաստի» ֆորմատը «չի գալիս» կարապետյանների վրա, անպայման մի բան թարս են ասում՝
դառնալով զավեշտի կամ գանահարման առարկա։ Ի դեպ, Ֆեյսբուքը երեկվանից զբաղված է հենց
այդ գործով՝ Նարեկ Կարապետյանի արագ հաշվելու՝ մաթեմատիկական փայլուն կարողությունների վրա ղժժալով (ներողություն
ժարգոնային բառի համար)։
Ի դեպ, Նարեկ Կարապետյանի հայրական պապը՝
Սարգիս Կարապետյանը, եղելէ մաթեմատիկայի ուսուցիչ։ Թոռնիկ Նարեկը, ինչպես երևում է,
պապիկի «ուժեղ դպրոցը» չի անցել, բայց դե․․․ դա չի խանգարում, որ «ուժեղների» ցուցակը գլխավորի, ընտրողների ականջներին էլ
«իր ձևով» լապշա կախի՝ պոպուլիստական խոստումներ շռայլելով։
Կարապետյանների մաթեմատիկական «ուժեղ» կարողություններին հանրությունն ականատես
եղավ նաև օրերս, երբ հրապարակվեցին նրանց պատվերով իրականացված սոցիոլոգիական ինչ-որ
հարցման տվյալներ։ Պարզվեց՝ եթե հարցվածները
վարչապետ ընտրեին (հուշում՝ ՀՀ-ում համապետական ընտրությունների միջոցով ոչ
վարչապետ, ոչ նախագահ չեն ընտրում) երկու թեկնածուների՝ Սամվել Կարապետյանի ու Նիկոլ
Փաշինյանի միջև, ապա հարցվածների 35 տոկոսը կքվեարկեր Սամվել Կարապետյանի, 34 տոկոսը՝
Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ըստ նույն հարցման տվյալների՝ 19 տոկոսն էլ ոչ մեկին «կողմ»
չէ, 13 տոկոսն էլ պատասխանել է՝ «չգիտեմ»։ Թվաբանական գործողություն կատարելիս՝ 34+35+19+13 ստացվում է 101՝ 100-ի փոխարեն։ Փաստորեն,
ստացված տոկոսները դուրս էին բերվել ոչ թե 100-տոկոսանոց սանդղակից, այլ՝ 101։ Մենք,
ճիշտն ասած, այս թվին առնչվելուց հետո օգնության էինք կանչել մաթեմատիկայի հայր Արքիմեդի, սոցիոլոգիայի հայր Կոնտի հոգիներին, և մինչ նրանք
կարձագանքեին՝ հարցում էինք ուղարկել «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակին։ «Նշված պատասխանը
(101 տոկոս -խմբ.) ստացվում է, քանի որ յուրաքանչյուր թվում
կլորացվել է կոտորակային մասը»,- արձագանքել էր խոսնակը՝ միաժամանակ ինտրիգ բորբոքելով. «Մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անհանգստանում
է վարչապետի պաշտոնը կորցնելու համար։ Մարտի սկզբից կատարված հարցումների արդյունքները
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համար ավելի են բարելավվել։ Այս հարցման արդյունքները
կներկայացնենք հնարավորինս շուտ»։
Անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները պետք է որ ստիպեին «ուժեղ ձևովներին»
այլ բան հասկանալ, քան՝ հասկացել են։ Մենք հարգում ենք նրանց հասկանալու ազատությունը։ Բայց եթե դժվարություններ ունեն հասկանալու հետ
կապված, ապա կարող են դիմել իրենց օրումեջ աջակցող Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա, հիշեցնենք,
այն գործիչն է, որը կարողացել է դեռևս 2015 թվականին բուրժուա-դեմոկրատական հեղափոխության
օրերին հասկանալ ու հասկացնել ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանին։ Ձևովներին կհասկացնի ու կհասկացնի։
Հ. Մանուկյան