ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։ 



Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ 


Սյունիքի մարզում ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին քարաթափումների վերաբերյալ, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են միակողմանի երթևեկելի, նաև սահմանափակվել է երթևեկությունը։ Փրկարարները սահմանված կարգով օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։



Փրկարարները համագործակցել են նաև Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ՝ իրականացնելով քարերի հեռացման աշխատանքներ։ 



ՆԳՆ ՓԾ-ից հորդորում են հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։