Գազայի հատվածի հիվանդանոցները կարող են վերածվել դիահերձարանների. ԿԽՄԿ
Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածի հիվանդանոցները կարող են մնալ առանց էլեկտրականության և վերածվել դիահերձարանների։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանային օպերատիվ  գործունեության վարչության տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին։

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով վտանգի տակ է հայտնվել ինկուբատորներում գտնվող երեխաների և թթվածնի կարիք ունեցող տարեց պացիենտների կյանքը: Անհնար է կատարել հեմոդիալիզ և ռենտգեն հետազոտություններ։ 
Կարբոնին նաև նշել է, որ Գազայի բնակիչներն արդեն խնդիրներ ունեն խմելու ջրի հետ կապված։

Միաժամանակ նա ընդգծել է, որ պատանդ վերցնելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, և բոլոր առևանգված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։

«Իսրայելցիները անհանգստությունից խենթանում են իրենց մտերիմների համար, ովքեր պատանդառվել են: <...> Մենք կապի մեջ ենք ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի իշխանությունների հետ՝ փորձելու համար լուծել այս խնդիրը»,- ասել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը:

Նա նաև հայտնել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է, որպես չեզոք միջնորդ, մարդասիրական այցեր իրականացնել, աջակցել պատանդների և նրանց ընտանիքների միջև կապին, ինչպես նաև պատանդների հնարավոր ազատ արձակմանը։