Nutella-ի արտադրողը հայտնվել է ԵՄ հակամենաշնորհային սկանդալի կենտրոնում

Nutella հրուշակեղենի արտադրողը՝ Ferrero Group-ը, հայտնվել է Եվրամիության հակամենաշնորհային ստուգման տակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Եվրահանձնաժողովը ապրիլի 13-ին արտահերթ ստուգայցեր է իրականացրել շոկոլադե արտադրանքի խոշոր արտադրողի ձեռնարկություններում՝ չհստակեցնելով ընկերության անունը։ Սակայն գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումներն անցկացվել են հենց Ferrero-ի գործարաններում։


Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը վերաբերում է ԵՄ երկրների միջև արտադրանքի առևտրի հնարավոր սահմանափակումներին և միության ներսում մատակարարումների ժամանակ տարածքային արգելքների կիրառմանը։


Ferrero ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։


Bloomberg-ի տվյալներով՝ նմանատիպ տեսչական ստուգումները ստանդարտ ընթացակարգ են ԵՄ հակամենաշնորհային հետաքննությունների նախնական փուլում։ Խախտումների հայտնաբերման դեպքում ընկերությանը սպառնում է տուգանք՝ համաշխարհային հասույթի մինչև 10%-ի չափով։