Կահիրեն դեմ է Սինայի թերակղզում պաղեստինցիների տեղակայմանը. թող նրանց տեղափոխեն Իսրայելի Նեգև անապատ. Եգիպտոսի նախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Իսրայելին առաջարկել է Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին տեղափոխել Նեգև անապատ՝ Կահիրեից նրանց համար ապաստան խնդրելու փոխարեն, հայտնում է Al Jazeera-ն։
«Իսրայելում կա Նեգևի անապատ։ Պաղեստինցիներին կարելի է տեղափոխել Նեգև, մինչև (Իսրայելը) ավարտի իր ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որից հետո վերադարձնել նրանց»,- ասել է աս-Սիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում։
Եգիպտոսի առաջնորդն ասել է, որ Կահիրեն դեմ է Սինայի թերակղզում պաղեստինցիների տեղակայմանը։
«Եթե պաղեստինցիները տեղափոխվեն Եգիպտոս, Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունը կարող է տևել տարիներ։ Այդ դեպքում Եգիպտոսը կշարունակի պատասխանատվություն կրել, Սինայը կդառնա Իսրայելի դեմ գործողությունների բազա, իսկ Եգիպտոսը կկոչվի ահաբեկիչների բազա»,- հավելել է նա։
Աս-Սիսին հայտարարել է նաև, որ Իսրայելի կողմից Գազայի լիակատար շրջափակումը մարտավարություն է՝ պաղեստինցիներին Սինայ մղելու համար։
«Իսրայելի գործողությունները, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի, ջրի, էլեկտրականության անջատումը, պաղեստինցիներին Սինայի թերակղզի բռնի տեղափոխելու միջոց են, ինչը մենք կտրականապես մերժում ենք», - ընդգծել է նա: