ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերադառնալով Իսրայելից, 15-րոպեանոց հատուկ ուղերձ է հղել երկրին։ Նախագահի ելույթը նվիրված է եղել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներին պատասխանելու և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության թեմաներին։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, ԱՄՆ-ը պարտավոր է օգնել Իսրայելին և Ուկրաինային ՀԱՄԱՍ-ի և Ռուսաստանի հետ առճակատման հարցում, քանի որ չի կարող թույլ տալ, որ «ահաբեկիչներն ու բռնակալները հաղթեն»։ «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հատվածներ է մեջբերել նրա հայտարարությունից:
Բայդենը հիշեցրել է, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 1300 մարդ, այդ թվում՝ 32 ամերիկացի, տասնյակ մարդիկ պատանդառվել են։
«ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումն իսկական չարիք է զուտ իր ձևով»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ Թել Ավիվ կատարած այցի ժամանակ ինքը անձամբ է տեսել Իսրայելի ժողովրդի վճռականությունը՝ պայքարելու իրենց գոյության իրավունքի համար:
Միաժամանակ, Բայդենը նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը նույնպես ունի «արժանապատվության և ինքնորոշման իրավունք», և իսլամական զինյալների գործողությունները չպետք է պաղեստինցի խաղաղ բնակիչներին զրկեն այդ իրավունքից։ «Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիներին, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ»,- ասել է Բայդենը՝ միաժամանակ նշելով, որ Իսրայելը չի մասնակցել Գազայի հիվանդանոցի՝ վերջերս տեղի ունեցած պայթյունին:
Այնուհետև ԱՄՆ նախագահն անդրադարձել է ուկրաինական թեմային: Նա հայտարարել է, որ արդեն 20 ամիս է՝ Ուկրաինայի հերոսական ժողովուրդը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ։
«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են,- ասել է Ջո Բայդենը:- Բայց կա ինչ-որ ընդհանուր բան. նրանք ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել ժողովրդավարությունը։ ՀԱՄԱՍ-ն իր առջև նպատակ է դրել ոչնչացնել Իսրայել պետությունը և ոչնչացնել հրեա ժողովրդին... Միևնույն ժամանակ Պուտինը կարծում է, որ Ուկրաինան երբեք իրավունք չի ունեցել գոյատևելու որպես ինքնիշխան պետություն և չունի այդ իրավունքը այժմ։ Տառացիորեն երկու շաբաթ առաջ նա հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները դադարեցնեն օգնությունն Ուկրաինային, ապա Ուկրաինային կմնա մեկ շաբաթ գոյության համար»:
Ինչպես ընդգծել է Բայդենը, ամերիկացիները պետք է հիշեն, թե ինչու է այդքան կարևոր արևմտյան օգնությունն ուկրաինացի ժողովրդին։ «Մենք ցանկանում ենք, որ Իսրայելն ու Ուկրաինան հաղթեն այս պայքարում։ Ահաբեկիչները պետք է բարձր գին վճարեն...»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«75 տարի ՆԱՏՕ-ի շնորհիվ Եվրոպայում պահպանվել է խաղաղությունը։ Եվ եթե Պուտինը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, մենք ամեն ինչ կանենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»,- վստահեցրել է Բայդենը։
Միաժամանակ Բայդենը հավելել է, որ «մենք չենք ցանկանում, որ ամերիկյան զորքերը կռվեն Ռուսաստանում կամ Ռուսաստանի դեմ»։ Սակայն, շարունակել է ամերիկացի առաջնորդը, եթե Արևմուտքը և, մասնավորապես, Միացյալ Նահանգները դադարեն այժմ օգնել Ուկրաինային, ապա «բոլոր ագրեսորները կզգան, որ իրենց ձեռքերն ազատ են», և հակամարտությունները կարող են տարածվել ամբողջ աշխարհում, օրինակ՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և հատկապես Մերձավոր Արևելքում:
«...Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մեր արժեքները կարևոր են ոչ միայն մեզ համար: Մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք: Մենք չենք կարող թողնել Ուկրաինան, չենք կարող թիկունք դարձնել Իսրայելին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
«Մենք կապահովենք «Երկաթե գմբեթի» աշխատանքը, որը պահպանում է Իսրայելի երկինքը։ Մենք կերաշխավորենք, որ տարածաշրջանի մյուս թշնամական ուժերը իմանան, որ Իսրայելն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ, և (այնուամենայնիվ) կկանխենք հակամարտության տարածումը»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ինքը կդիմի Կոնգրեսին հատկացնելու համար Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնություն և 10 միլիարդ դոլարի՝ Իսրայելին։
Բայդենը նաև բոլոր ամերիկացիներին կոչ է արել միավորվել հակասեմիտիզմի և իսլամաֆոբիայի դրսևորումների դեմ պայքարում, որոնք այսօր, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, կարող են սպառնալիք ներկայացնել ամերիկյան հասարակության և ամերիկյան արժեքների համար։ «Այսօր հրեական ընտանիքները վախենում են, որ իրենց վրա կարող են հարձակվել դպրոցում կամ պարզապես փողոցում՝ նրա համար, որ իրենք կրում են իրենց հավատքի խորհրդանիշները»,- ասել է Բայդենը: Նա նաև հիշեցրել է ԱՄՆ-ում պաղեստինցի վեցամյա տղայի սպանությունը։