Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի՝ ապրիլի 28-ին, կողմ է քվեարկել ռազմական դրության և մոբիլիզացիայի գործողության ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերին։
Ինչպես իր Telegram-ալիքում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, երկրում համընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման օրինագծին կողմ է քվեարկել 304 ժողովրդական պատգամավոր։ Սա արդեն 19-րդ անգամն է, ինչ ուկրաինական խորհրդարանը նման որոշում է կայացնում ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։ Ռազմական դրության մասին օրինագծին կողմ է քվեարկել Ռադայի 315 պատգամավոր։
Երկու դեպքում էլ դեմ են քվեարկել պատգամավորներ Ալեքսեյ Գոնչարենկոն («Եվրոպական համերաշխություն») և Աննա Սկորոխոդը («Ժողովրդի ծառա»)։
Ըստ օրինագծերի՝ ռազմական դրությունը և մոբիլիզացիան 2026 թվականի մայիսի 4-ից երկարաձգվել են ևս 90 օրով՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը։
Համընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում ներդրվել էր 2022 թվականի փետրվարին և հետագայում բազմիցս երկարաձգվել։ Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադա էր ներկայացրել համապատասխան օրինագծերը։ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռազմական դրությունը կավարտվի միայն գործընկերներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։