Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ընդհանուր ժողովն անցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ժողովի քարտուղարի գործառույթները կատարել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ առանձնացրել է ֆեդերացիայի ղեկավար կազմի, մարզիչների, մարզիկների հետ բաց ու անմիջական մթնոլորտում աշխատելու կարևորությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ առանձնակի կենտրոնացվածությամբ է պետք նախապատրաստվել Երևանում 2027 թվականին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերին` նպատակ ունենալով նվաճել մեկ, ինչու ոչ, նաև երկու օլիմպիական ոսկի: Իսկ այս նպատակի համար Հայաստանն ունի լավ մարզչական շտաբ, աշխարհում հայտնի մարզիկներ ու բանիմաց բժշկական անձնակազմ:
Ժողովի ընթացքում հաստատվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնագրությունը, կայացել է գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը (ընտրվել են` Իշխան Զաքարյանը, Կարեն Գիլոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Հակոբ Փիլոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը), ինչպես նաև հաստատվել են մասնագիտացված հանձնաժողովների կազմերը. մարզչական հանձնաժողով (Հակոբ Փիլոսյան, Արտաշես Ներսիսյան, Դավիթ Մուրադյան, Տարոն Թովմասյան, Երվանդ Կիրակոսյան, Արսեն Թամրազյան, Քրիստինե Պետրոսյան, Պողոս Պողոսյան, Վահան Բիչախչյան, Վիգեն Խաչատրյան, Վահրամ Գևորգյան, Սամվել Գասպարյան), տեխնիկական հանձնաժողով (Արայիկ Ալավերդյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Գառնիկ Աբրահամյան, Դավիթ Գասպարյան, Գրիգոր Հարությունյան, Գյուլնարա Տիգրանյան, Գոռ Մարտիրոսյան), բժշկական հանձնաժողով (Դավիթ Մոսինյան, Ռաֆայել Պետրոսյան, Ռոզա Հովհաննիսյան, Գոռ Դեմուրչյան):