Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն. Պապոյան

«Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն»,- տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով՝ հեղուկ գազով բեռնված մեծ թվով մեքենաներ ռուսական կողմում ձյան պատճառով մի քանի օր չէին կարողանում հասնել, այժմ արդեն գալիս են:


Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև բենզինի գներին:


«Բենզինը ամբողջ աշխարհում թանկացել է երևի մի երկու-երեք անգամ ավելի շատ, աշխարհի շատ երկրներում, չծայրահեղացնեմ, որ հիմա մի հատ երկիր չգտնեն, ասեն՝ տեսեք, Պապոյանը մի բան ասեց, բայց տենց չի: Ասում եմ` աշխարհի երկրների մեծ մասում բենզինի գինը թանկացել է 2-3 անգամ մի զգալի մասում, Հայաստանում թանկացել է տոկոսներով:


 

Ինչու է այդպես, շատ ուղիղ ասեմ` ադրբեջանական բենզինը և դիզելը, եթե չլինեին, մեր մոտ գները շատ ավելի, մի քանի հարյուր դրամ ավելի բարձր կլինեին, քան կան:


 

Էնպես որ, պետք է շարունակենք հնարավորինս շատ էս դիվերսիֆիկացիան պահել, որ աշխարհաքաղաքական մեծ ցնցումները մեր վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենան»: