Նախապես ներողություն ենք
խնդրում մեր հետևորդներից՝ պիտի ժողովրդի մեջ տարածված մի կապակցություն գործածենք՝
«ստռախ գանյատ» անել։ «Ստրախ գանյատ» անելը ռուսերենի
«страх гнать» արտահայտությունն է, որը հայերենին է փոխառվել քրեական կամ ժարգոնային
խոսակցություններից և նշանակում է վախեցնել, ահաբեկել, սարսափ առաջացնել։ Այն հաճախ օգտագործվում է քաղաքական կամ սոցիալական համատեքստում՝
նկարագրելու համար ճնշում գործադրելու, վախի մթնոլորտ ստեղծելու գործողությունները։ Հենց այս գործողությամբ
էլ զբաղված է հունիսի 7-ի ընտրապայքարին մասնակցող «Հայաստան» դաշինքը գլխավորող
Ռոբերտ Քոչարյանը, որի համար ուզում ենք հատուկ ևս մեկ անգամ շեշտել՝ ընտրությունները
կայանալու են ոչ թե հուլիսի, այլ՝ հունիսի 7-ին։ Քոչարյանը, ինչպես նաև
ռուսա-բելառուսամետ կոալիցիայի մյուս անդամները՝ Ծառուկյան և Ուժեղ Սամո, եթե
նկատել եք, իրենց քարոզչությունը կառուցում են մեկ գլխավոր առանցքի շուրջ՝
բարկացած արջի, այն է՝ Ռուսաստանի՝ այդ պետությանը ներկայացնելով որպես ոստիկան,
եթե կուզեք՝ բոբո ձյաձյա, որին, ըստ իրենց, չպետք է գազազեցնել, պետք է, ընդհակառակը, «փշի-փշի» անել, տո՝
հնազանդվել՝ չտեսնելու տալով երկրիդ ինքնիշխանության նկատմամբ նրա «վիխոդկեքը»՝
խուլիգանական արարքները, եթե պետք է՝ պպզել, որ թռչի վրայովդ, մի խոսքով՝ տանել, ներել ու
սիրել, որպեսզի նա հանկարծ իր բրդյա թաթիկներից ստիպված չլինի դուրս բերել
«պողպատյա ճանկերը»՝ տրվելով չափալախելու, հետո հոշոտելու իր կենդանական բնազդին։
Այս եռյակը, նկատենք, իր քարոզչությունը չի կառուցում Հայաստանի և Հայաստանի
շահերից բխող, հանուն Հայաստանի ու հայաստանակենտրոն օրակարգի շուրջ։ Փոխարենը Հայաստանին,
հայկական շահերին վերաբերող բոլոր օրակարգերը՝ անվտանգությունից մինչև
տնտեսություն, բխեցնում է Ռուսաստանից։ Ըստ նրանց՝ Հայաստանը պետք է վարի ոչ թե
հայաստանահաճո միջազգային հարաբերություններ, առաջնորդվի ոչ թե Հայաստանի ժողովրդի
կենսապահովմանը վերաբերող հնարավոր լավագույն շահերով, ցուցաբերի պրագմատիզմ այդ
շահերը սպասարկելիս, այլ անի այնպես, որ Հայաստանին վերաբերելի բոլոր օրակարգերը
լինեն նախևառաջ հաճո одному единственному ` ՌԴ-ին, կարճ ասած՝ լինեն
ռուսաստանահաճո։
Այս՝ հայի ինքնության համար կռվի ելած ուժերի համար սրբությունները դասավորվում են
ըստ հետևյալ աստիճանակարգի՝ վերևն Աստված,
հետո Ռուսաստանը, հետո նրա տրամադրությունը, ախորժակը, կապրիզները, համբերության
բաժակը, նոր միայն՝ Հայաստանը։ Նրանց
սրտացավության օբյեկտը ոչ թե Հայաստանն է,
այլ սպիտակ արջի հետ նույնացվող երկիրը, որի տրամադրությամբ, ախորժակով էլ պետք է
պայմանավորված լինեն մնացած բոլոր օրակարգերը։
Սա ստրուկի, մանկուրտի հոգեբանություն է, որով եռյակը
փորձում է քարոզարշավի ընթացքում վարակել հնարավորինս շատ քաղաքացիների՝ դա անելիս
ցուցաբերելով մանիակալ ժրաջանություն։
Արդ, ինչ էր ասում
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Մարտունիում, որտեղից շատ են արտագնա
աշխատողները։ Ասում է՝ հիմա ակնհայտ զբաղված ենք՝ Նիկոլ Փաշինյանին նկատի ունի, նոր արկածախնդրությամբ ՝ ՌԴ-ի հետ և ընդհանրապես
ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները փչացնելով։ «Հիմա ամեն մեկդ նայեք, թե ձեր
շրջապատում քանի հոգի են աշխատում, իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովում ՌԴ-ի
հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։
Ինչ հետևանք ա լինելու ձեզ համար, եթե այդ
հարաբերությունները փչացնեն, համբերության բաժակը լցնի և ՌԴ-ն ընդունի կտրուկ
որոշումներ, ինչ եք անելու։ Այդ ամենը կանխելու կա մեկ եղանակ՝ հուլիսի 7։ Սա
իսկապես շատ մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում
են, այլևս չի ներում։ Իմ մոտեցումը, մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մի սրի
հարաբերություններդ հզոր պետությունների հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ,
մի խցկվի դրանց հակասությունների մեջ, ջարդվելու ես, բան չեն շահելու։ Ժողովուրդն
է ջարդվելու, և ևս որերորդ անգամ ժողովուրդը գինն է տալու առաջնորդի սխալների
համար» (https://www.youtube.com/watch?v=1oaVas0D7Sc)։ Զգացի՞ք, սիրելի ժողովուրդ, որ ՌԴ-ի շահերը գերակա
համարող, Հայաստանի վարչապետ դառնալու անառողջ ամբիցիաներ ունեցող Քոչարյանը
սպառնում է ձեզ ջարդվելով, չլինի՞ նոր՝ ՌԴ-ի կողմից սանձազերծվելիք «հատուկ
ռազմական գործողությամբ»՝ CBO-ով, որի մասին, հիշեցնենք, ժամանակ առաջ ակնարկել էր
Կրեմլի սոխակ Սոլովյովը, եթե հակաճառենք Պուտինին, հետևողական աշխատանք տանենք
ԹՐԻՓՓ-ը գործարկելու ուղղությամբ, չհրաժարվենք ԵՄ-ին անդամակցելու օրակագից ու
հանձնառություններից, ասել կուզի՝ շարունակելով բալանսավորված ու բալանսավորման
քաղաքականությունը։ Մի բան էլ՝ ի՞նչ գիտի
Քոչարյանը ՌԴ-ի համբերության ու «կարմիր գծերի» մասին, արդյոք դրանք զգացե՞լ
է սեփական մաշկի վրա ու այժմ կիսվում է իր տառապանքի փորձով։ Եվ բացի սրանից՝
տառապանքի իր փայ փորձը ե՞րբ է ձեռք բերել, արդյո՞ք «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի,
Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափի, այնուհետ՝ նախքան գազամուղի գործարկումը՝
դեռևս 2006 թվականին, ԻԻՀ-ՀՀ գազամուղի մի հատվածը «Գազպրոմին» վաճառելու գործարքը
բանակցելիս։
Ի դեպ, մենք հավատում ենք Քոչարյանի տառապանքի անկեղծությանը,
որ ձևականորեն, արտաքուստ քվե է հայցում ՀՀ քաղաքացիներից, սակայն սրտանց դիմում է
ՌԴ-ին՝ իրեն իշխանության բերելու հարցում օգնելու, Հայաստանը, ներողություն բառի համար՝ «ռուսաքոծության»
ծիր վերադարձնելը երաշխավորելու համար։
Նույն՝ «ռուսը չլինի, կորած ենք, ընենց անենք, որ հանկարծ ռուսին չբզենք-բշտենք» ոճի «ստռախ է գանյատ անում» նաև մեկ այլ ունիկալ ֆիգուր՝ Գագիկ Ծառուկյանը։ Ի պատասխան քաղաքացիներից մեկի հարցին՝ «մեր ատնաշենին ռուսի հետ ոնց ա լինելու, ընդե հացը կերել ենք, էսօր հելնում, ասում ենք՝ ռուսը սենց, արա խի՞», Ծառուկյանը տվել է շենշող պատասխան․ «Նախագան, Պուտինն ասել ա, ժողովուրդ ջան, կենտրոնացեք, մեր հետ եք, մեր հետ եք, ձեր ցավը տանեմ, մեր հետ չեք, ախպեր, գնացեք Եվրոպա։ Գազն էլ ա թանկացնելու, ճամփեն էլ ա փակում, օդն էլ ա փակելու, գնացածներին էլ հետ ա ուղարկելու»։
Կիրիենկոյի
կոնսպեկտները սերտած հայազգի ռուսամետները, որոնք խաղի մեջ են մտցվել իշխանության գալու
դեպքում Հայաստանը բացառապես «ռուսի հետ ըլնելը» ապահովելու համար, հուսանք՝ կստանան
իրենց արժանի քվեն հունիսի 7-ի ընտրություններում՝ անկախ այն հանգամանքից, թե որ մակնշման
ու թվի տակ են հանդես գալիս՝ համար 3-ի՞, 7-ի՞, թե՞ 17-ի։
Մի բան էլ՝
Ռոբերտ Քոչարյանը, պարզվում է, բացի հայերեն վատ խոսելուց, հայերենի ուղղախոսությանը չտիրապետելուց՝ նաև շփոթում
է հունիս-հուլիս ամիսները։ Ինչպես, օրինակ,
Մարտունիում իր ելույթի ժամանակ շփոթեց։ Հիշեցինք հայտնի անեկդոտի հերոսին, որը տարակուսում
էր՝ հունիս ամիսը ոնց ա՞ ճիշտ գրվում՝ ն-ո՞վ, թե՞ լ-ով։
Հեղինե Մանուկյան