Զանգվածային անկարգություններ Մախաչկալայում. օդանավակայանը փակ է
Մախաչկալայի օդանավակայանում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Հայտնի է, որ վիրավորվել է ոստիկանության երկու աշխատակից, նրանք վնասվածքներ են ստացել օդանավակայանի ռեժիմային գոտին արգելափակելիս»,- ասել է Մելիքովը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես կարծում եմ, որ այս ակցիան, անկասկած, նախաձեռնել են մեր թշնամիները, նրանք, ովքեր այդ միջոցառումներն իրականացրել են Ուկրաինայի տարածքից: Բայց, ցավոք, պետք է խոստովանել, որ անկարգությունների մասնակիցներին հավանաբար աջակցություն է ցուցաբերվել նաև նրանց կողմից, որոնց ձեռնտու չեն Դաղստանում սոցիալ-տնտեսական վերափոխումները... որովհետև դրանք զրկում են նրանց այն ապօրինի վաստակից, ինչի համար երկար տարիներ պայմաններ են ստեղծել իրենց համար», - ասել է Մելիքովը։

Նրա խոսքով՝ Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը դրսից են։

«Այսօր մենք բացարձակ հավաստի տեղեկատվություն ստացանք, որ «Դաղստանի առավոտ» ալիքը կարգավորվում է Ուկրաինայի տարածքից»,- ասել է Մելիքովը։
 
Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, որոնցից 10-ը բուժում է ստանում հանրապետության հիվանդանոցներում։

Իր հերթին Ռոսավիացիան հայտարարել է, որ Մախաչկալայի օդանավակայանը կբացվի միայն օդային տերմինալի, օդանավակայանի և հարակից տարածքների մանրակրկիտ ստուգումներից հետո։

Մախաչկալայի օդանավակայանը մինչև նոյեմբերի 6-ը ժամը 02:59-ը փակ է եղել օդանավերի ընդունման համար։ Ավելի ուշ Դաղստանի կառավարությունը հայտարարել է, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի առաջիկա օրերին։

Ինչպես ընդգծել է Դաղստանի ղեկավարը, «երեկվա ակցիան դանակ է մեր զինծառայողների թիկունքին, որոնք այսօր պաշտպանում են մեր ամբողջ երկիրը հատուկ ռազմական գործողության գոտում»։

«Ստացվում է, որ նրանք կռվում են մեր թշնամու դեմ, իսկ նրանք, ովքեր երեկ դուրս էին եկել, այսպես կոչված, բողոքի ակցիայի, թշնամու համար էին խաղում»,- ասել է նա։
 
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Մախաչկալայում տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայանի թռիչքուղի Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո։ Հաղորդվել է, որ ներխուժողները ենթադրաբար փնտրում էին ժամանող Իսրայելի քաղաքացիներին, և սկսվել են անկարգություններ։