Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով 845 դպրոցում դասերը չեղարկվել են

Ծայրահեղ շոգի հետևանքով երկուշաբթի օրը Ֆրանսիայի 845 տարրական և միջնակարգ դպրոցներում դասերը չեղարկվել են կամ անցկացվելու են սահմանափակ ձևաչափով։ Այս մասին France 3 հեռուստաալիքի եթերում հայտարարել է կրթության նախարար  Էդուար Ժեֆրեն։

 

«Վաղը Ֆրանսիայի 845 տարրական և միջնակարգ դպրոցներում չեղարկվելու են աշակերտների դասերը։ Սա նշանակում է, որ դրանք կամ ընդհանրապես չեն բացվի, կամ կբացվեն միայն շատ փոքր թվով աշակերտների համար», — նշել է նախարարը։

 

Բացի այդ, երկրի շուրջ 1800 կրթական հաստատություններ նախարարությանը տեղեկացրել են, որ փոփոխելու են իրենց դասացուցակները։ Դպրոցները նախատեսում են կրճատել դասաժամերի քանակը և աշակերտներին ավելի վաղ տուն ուղարկել՝ շոգի գագաթնակետային ժամերից խուսափելու նպատակով։

 

Ֆրանսիայի իշխանությունները նման քայլերի են դիմում՝ աշակերտների և կրթական անձնակազմի առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ երկրում շարունակվող բարձր ջերմաստիճանների պայմաններում։