Եվրամիությունը մտադիր է մինչև 2028 թվականի մարտը երկարաձգել պատերազմի պատճառով երկիրը լքած ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ ծրագրից բացառելով նոր ժամանող զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց։
Առաջարկը նախատեսում է իրավական կարգավիճակի պահպանում Ուկրաինայի գրեթե 4,4 միլիոն քաղաքացիների համար, ովքեր փախել են պատերազմից և ապաստան են գտել ԵՄ երկրներում։
Բրյուսելում ընդգծել են, որ Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, ուստի պաշտպանության մեխանիզմների անհրաժեշտությունը պահպանվում է։
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովն աջակցել է ավելի վաղ քննարկված նախաձեռնությանը՝ ժամանակավոր պաշտպանության ռեժիմը չտարածել նոր ժամանող զորակոչային տարիքի տղամարդկանց վրա, որոնց երկրից ելքն ուկրաինական իշխանություններն արգելել են ռազմական դրություն սահմանելուց հետո։ ԵՀ-ում դա բացատրել են երկրի պաշտպանունակության պահպանման անհրաժեշտությամբ։
Առաջարկը ներառում է նաև հանձնաժողովի կոչը ԵՄ պետություններին՝ ակտիվացնելու ժամանակավոր պաշտպանության ռեժիմից երկարաժամկետ կացության թույլտվությունների աստիճանական անցման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև զարգացնելու ուկրաինացիների՝ հայրենիք կամավոր վերադարձի մեխանիզմները։
Այդ նպատակով Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ երկրների և Ուկրաինայի հետ համատեղ գործարկել կամավոր վերադարձի պիլոտային ծրագիր։