ԵՄ-ն հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի խիստ դրույթներից

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ քննարկվող պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում ռուս զինծառայողներին վիզաների տրամադրման արգելքի մեղմացված տարբերակը, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։


Ի սկզբանե Եվրահանձնաժողովն առաջարկում էր արգելել Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիների մուտքը, ովքեր ծառայել են բանակում կամ մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։ Սակայն Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի առարկություններից հետո սահմանափակումները նեղացվել են. այժմ դրանք վերաբերելու են միայն կարճաժամկետ վիզաներին և այն անձանց, ովքեր անմիջականորեն մասնակցել են մարտական գործողություններին 2022 թվականի փետրվարից հետո։ Նախատեսվում է արգելքը տարածել նաև ի շահ Ռուսաստանի գործող ոչ կանոնավոր կազմավորումների մասնակիցների վրա։


Ընդ որում, բանակում ծառայելու փաստն ինքնին վիզայի մերժման հիմք չի հանդիսանա։ Ֆրանսիան և Իտալիան մատնանշել են, որ Ռուսաստանում պարտադիր զորակոչը կարող էր հանգեցնել անհիմն սահմանափակումների ժամկետային զինծառայողների համար։ Նոր խմբագրությունը նախատեսում է նաև բացառություններ հումանիտար պատճառներով, պետության շահերից ելնելով կամ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Նման վիզաները գործելու են միայն ԵՄ այն երկրում, որը դրանք տրամադրել է։


Տարաձայնությունները պահպանվում են նաև 21-րդ փաթեթի այլ դրույթների շուրջ։ Մասնավորապես, ԵՄ երկրները վիճում են ռուսական նավթի գների վերին շեմի, ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/СПГ) փոխադրման և մի շարք ճյուղային բացառությունների շուրջ։ Euractiv-ի տվյալներով՝ Բրյուսելում չեն բացառում, որ պատժամիջոցների փաթեթը հնարավոր չի լինի համաձայնեցնել նախատեսված ժամկետում։