Եվրոպական հանձնաժողովը հանգել է նախնական եզրակացության, որ Meta ընկերությանը պատկանող Instagram և Facebook հարթակները խախտում են ԵՄ Թվային ծառայությունների մասին օրենքը (DSA)՝ օգտատերերի, հատկապես երեխաների և դեռահասների հոգեկան ու ֆիզիկական առողջության համար պարունակող ռիսկերի պատճառով։
Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Տոմա Ռենյեն։
Նրա խոսքով՝ հետաքննությունը ցույց է տվել, որ ընկերությունը պատշաճ կերպով չի գնահատել այնպիսի ֆունկցիաների հետ կապված ռիսկերը, ինչպիսիք են անվերջ լրահոսը (infinite scroll), տեսանյութերի ավտոմատ նվագարկումը (autoplay), push-ծանուցումները և բարձր անհատականացված երաշխավորող ալգորիթմները, ինչպես նաև չի ներդրել դրանց նվազեցման արդյունավետ միջոցներ։
«Երեխաները ժամեր են անցկացնում Instagram-ում և Facebook-ում։ Սա Meta-ի այնպիսի ֆունկցիաների արդյունքն է, ինչպիսիք են autoplay-ը, բարձր անհատականացված երաշխավորող համակարգերը և push-ծանուցումները։ Հենց այդ պատճառով էլ այսօր Եվրահանձնաժողովը հանգել է նախնական եզրակացության, որ Meta-ն խախտում է Թվային ծառայությունների մասին օրենքը՝ կախվածություն առաջացնող դիզայնի պատճառով»,- ասել է Ռենյեն։
Նա նշել է, որ Եվրամիությունում Meta-ի ծառայություններից օգտվում է շուրջ 270 միլիոն մարդ, իսկ երեխաների գրեթե կեսն արդեն 12 տարեկանում ունի հաշիվ Instagram-ում, թեև դա ցածր է հենց ընկերության կանոններով նախատեսված նվազագույն տարիքից։
Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ նման օգտագործման հետևանքներն արտահայտվում են անչափահասների շրջանում տագնապայնության, դեպրեսիայի աճով և քնի խանգարումներով։
Հանձնաժողովի հրապարակած նախնական եզրակացությունների համաձայն՝ Meta-ն հաշվի չի առել սեփական ալգորիթմների և հարթակների ֆունկցիաների ազդեցությունը օգտատերերի շրջանում կոմպուլսիվ (պարտադրված/կպչուն) վարքագծի ձևավորման վրա։ Մասնավորապես, հետաքննությունը ցույց է տվել, որ ընկերությունն անտեսել է առկա տվյալներն այն մասին, թե որքան ժամանակ են անչափահասներն անցկացնում Instagram-ում և Facebook-ում գիշերային ժամերին, ինչպես նաև այն, թե ինչպես Reels և Stories ձևաչափերը կարող են նպաստել ծառայություններից չափից ավելի օգտվելուն։
Եվրահանձնաժողովը անբավարար է համարում նաև հարթակների օգտագործման ժամանակը սահմանափակելու ներկայիս միջոցները։ Անբավարար են ճանաչվել նաև հոգեկան առողջության մասին տեղեկատվական նյութերը, որոնք տեղադրված են առանձին՝ Safety Centre (Անվտանգության կենտրոն) բաժնում։
Հանձնաժողովը կարծում է, որ Meta-ն պետք է փոխի երկու հարթակների ճարտարապետությունը։ Հնարավոր միջոցառումների թվում են՝ լռելյայն (by default) անջատել autoplay և անվերջ լրահոսի ֆունկցիաները, ներդնել ընդմիջում անելու անհրաժեշտության մասին արդյունավետ հիշեցումներ, ինչպես նաև փոխել երաշխավորող ալգորիթմները, որպեսզի դրանք պակաս կողմնորոշված լինեն օգտատերերի առավելագույն ներգրավմանը։
Այժմ Meta-ն կկարողանա ծանոթանալ հետաքննության նյութերին և ներկայացնել գրավոր առարկություններ։
Եթե նախնական դիրքորոշումը հաստատվի, ընկերությանը կարող է սպառնալ տուգանք՝ նրա համաշխարհային տարեկան շրջանառության մինչև 6%-ի չափով։