Եվս մեկ քայլ դեպի ԵՄ. Դեսպանները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի բանակցությունների նոր փուլին

Եվրամիության երկրների դեսպանները ուրբաթ օրը՝ հուլիսի 10-ին, համաձայնեցրել են վեցերորդ բանակցային կլաստերի բացումը՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակներում։


Այս մասին իր սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։


«Մենք կառուցում ենք ավելի կայուն Եվրոպա. սա ևս մեկ քայլ է, որն Ուկրաինային և Մոլդովային մոտեցնում է Եվրոպական միությանը»,- գրել է Կոշտան՝ ողջունելով ԵՄ դեսպանների որոշումը։


Նրա խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է աջակցել Կիևի և Քիշնևի եվրոպական ուղուն։


Ուկրաինան բազմիցս պնդել է բանակցությունների մնացած բոլոր 5 կլաստերները հենց հուլիսին բացելու մասին, ինչի հետ համաձայն էր նաև Եվրոպական հանձնաժողովը։ ԵՀ-ի գնահատմամբ՝ Ուկրաինան արդեն կատարել է դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Սակայն ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, պնդում էին, որ պետք է գնալ եվրոինտեգրման բանակցությունների ավանդական ճանապարհով, այսինքն՝ ըստ արժանիքների։


ԵՄ Խորհրդում իռլանդական նախագահությունը, որը մեկնարկել է հուլիսի 1-ից, նույնպես հայտնել է, որ անդամ պետությունները պայմանավորվել են փակել 8-րդ («Մրցակցային քաղաքականություն») և 29-րդ («Մաքսային միություն») գլուխները Չեռնոգորիայի հետ անդամակցության բանակցություններում, ինչպես նաև 25-րդ («Գիտություն և հետազոտություններ»), 26-րդ («Կրթություն և մշակույթ») և 30-րդ («Արտաքին հարաբերություններ») գլուխները Ալբանիայի հետ բանակցություններում։


Դուբլինի գնահատմամբ՝ այս որոշումները նոր թափ են հաղորդում ԵՄ ընդլայնման քաղաքականությանը։