Իսպանիայի Անդալուսիա նահանգում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել՝ Լոս Գալյարդոսի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։
Այս մասին հայտնում է իսպանական El Pais-ը՝ նշելով, որ պատկան մարմինները շարունակում են պայքարել հրդեհի դեմ։
Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Լոս Գալյարդոսում սկսված անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է առնվազն 12-ի: Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության նախագահը լրատվամիջոցներին տված հայտարարություններում նշել է, որ 23 մարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Զոհվածների թվում կարող են լինել Մեծ Բրիտանիայի և Բելգիայի քաղաքացիներ։
Նշվում է, որ սուգը կտևի ուրբաթ օրվա և հանգստյան օրերի ընթացքում։ Այդ ժամանակահատվածում պետական հաստատությունների շենքերի վրա դրոշները կխոնարհվեն։ Սգի պատճառով չեղարկվել է այսօր Լոս Անջելեսում անցկացվելիք Իսպանիայի և Բելգիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղի հանրային հեռարձակումը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սոցիալական ցանցերում իր ցավակցությունն է հայտնել հրդեհի հետևանքների վերաբերյալ:
«Իսպանիայի կառավարության բոլոր նյութական և մարդկային ռեսուրսներն արդեն իսկ տեղակայվել են հրդեհը մարելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,-ասել է վարչապետը։
Նշենք, որ Իսպանիային իրենց ցավակցությունն են հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և մի շարք այլ պաշտոնյաներ։