Եվրոպական միության խորհուրդը հաստատել է 120 միլիոն եվրոյի հատկացումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի (European Peace Facility, EPF) շրջանակներում՝ Մոլդովայի զինված ուժերին աջակցելու և հակաօդային պաշտպանության ոլորտում երկրի կարողություններն ամրապնդելու համար։
Այս մասին հայտնում է ԵՄ Խորհուրդը։
Միջոցներն ուղղվելու են մոլդովական բանակի համար միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման ֆինանսավորմանը։ Այս միջոցառումը կլրացնի նախկինում Եվրոպական միության կողմից օդային դիտարկման և ՀՕՊ համակարգերի զարգացման համար ցուցաբերված օգնությունը։
Բրյուսելում նշել են, որ նոր աջակցությունը թույլ կտա Մոլդովայի զինված ուժերին բարձրացնել իրենց օպերատիվ արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական բնակչության ավելի հուսալի պաշտպանությունը։
Հաշվի առնելով նոր փաթեթը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Մոլդովային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը հասել է 317 միլիոն եվրոյի։