Դեսպան Մկրտչյանը և Կլոդիանա Սպահյուն քննարկել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները

Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։ Այդ մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։


 

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և առաջարկել ձևավորել երկու երկու երկրների խորհրդարանների միջև կապեր, նախաձեռնել փոխադարձ այցեր և փորձի փոխանակում, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և օրենսդրական բարեփոխումների ոլորտներում։



Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին։ ԱԺ փոխնախագահի խնդրանքով ներկայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։


 

Կլոդիանա Սպահյուն ողջունել է միջխորհրդարանական կապերի հաստատման նախաձեռնությունը։ Նա նաև ընդգծել է ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում Ալբանիայի փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամությունը։


 

Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և առկա ուղիղ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները։