Եվրոպական միությունը Ֆրանսիա և Իսպանիա է ուղարկել ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հրշեջ խմբեր՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում։
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) տվյալներով՝ մասշտաբային անտառային հրդեհները ամենամեծ էվակուացիաներից մեկի պատճառ են դարձել Եվրոպայում. տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ։
ԵՄ-ն Ֆրանսիա է ուղարկել յոթ ինքնաթիռ և չորս ուղղաթիռ Չեխիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից և Թուրքիայից։ Օդանավերի մեծ մասը մտնում է համաեվրոպական rescEU ռեզերվի մեջ։
Իսպանիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, ուղարկվել է վեց ինքնաթիռ Հունաստանից, Իտալիայից և Թուրքիայից, ինչպես նաև 134 հրշեջ և 41 միավոր տեխնիկա Պորտուգալիայից։
Եվրոպական հանձնաժողովում նշել են, որ եվրոպական ուժերը միաժամանակ ներգրավված են ոչ միայն Ֆրանսիայում և Իսպանիայում, այլև օգնություն են ցուցաբերում Թունիսին։ Ինչպես հայտնել է ԵՀ ներկայացուցիչը, այստեղ արագ արձագանքման մեխանիզմով ուղարկվել է իտալական Canadair ինքնաթիռ-ամֆիբիա։ Այն տեղակայված է Սիցիլիայում, ամեն օր թռիչքներ է իրականացնում Թունիսում հրդեհները մարելու համար և առաքելության ավարտից հետո վերադառնում բազա։
Copernicus արբանյակային համակարգը տրամադրում է տուժած շրջանների արտակարգ իրավիճակների քարտեզներ՝ փրկարարական գործողություններին աջակցելու համար։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը գտնվում է նաև Բորդոյում՝ տեղում եվրոպական աջակցությունը համակարգելու համար։
Եվրոպական հանձնաժողովում նշել են, որ ընթացիկ հրդեհավտանգ շրջանին պատրաստվելու շրջանակներում եվրոպական այլ երկրների հրշեջ ստորաբաժանումները նախապես տեղակայվել էին Ֆրանսիայում և Իսպանիայում, ինչը նրանց թույլ է տվել անցնել աշխատանքի հրդեհների բռնկումից անմիջապես հետո։
Բրյուսելում հիշեցրել են, որ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում պետության՝ օգնության դիմելու դեպքում հարցումն ուղարկվում է բոլոր 37 մասնակից երկրներին, որոնք կարող են տրամադրել ավիացիա, հրշեջ թիմեր, սարքավորումներ կամ փորձագետներ։
Եթե ազգային ռեսուրսները բավարար չեն լինում, ԵՄ-ն գործի է դնում իր ռազմավարական rescEU ռեզերվը, որի մեջ մտնում են 22 հրշեջ ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ։