Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական բանակն օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը հերթական զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա։ Կիևի մարզի և մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են բալիստիկ հրթիռների արձակման և դրանց հետևանքների մասին։


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով մայրաքաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել են ոչ բնակելի շենքեր։ Կիևի մարզի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 15 մարդ, ևս 22-ը վիրավորվել են։


Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում հայտնել են, որ գիշերվա ընթացքում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել նաև Օդեսայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Նիկոլաևի մարզերին։


Օգոստոսի 5-ի առավոտյան հրապարակված հայտարարության մեջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածների իրականացումը՝ նշելով, որ թիրախավորվել են Կիևի և Կիևի մարզի տրանսպորտային, լոգիստիկ և բաշխման կենտրոնները, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, օգտագործվում էին տարբեր տեսակի զենքերի և ռազմական բեռների պահեստավորման ու մատակարարման, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության և բաշխման համար։


ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Օդեսայից հարավ գտնվող երեք բեռնատար նավի, որոնք, ըստ Մոսկվայի, զենք և ռազմական տեխնիկա էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար։


Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում արձակված 115 անօդաչու թռչող սարքերից խոցվել է 98-ը, սակայն 24 բալիստիկ հրթիռներից ոչ մեկը չի հաջողվել ոչնչացնել։