Պուտինը ընտրություններից առաջ կոշտ ուղերձ է հղել․ «Ռուսաստանը չի նահանջի»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում հայտարարել է, որ Ռուսաստանը, անգամ ամենաբարդ պայմաններում, չի նահանջի ժողովրդաիշխանության սկզբունքներից։


ՌԴ նախագահի խոսքով՝ ժողովուրդն իշխանության աղբյուրն է, և Ռուսաստանում ընտրությունները կանցկացվեն երկրի ողջ տարածքում՝ Հեռավոր Արևելքից մինչև Նովոռոսիա և Դոնբաս։


«Աշնանը կայանալիք ընտրությունները կդառնան միլիոնավոր ռուսաստանցիների կամքի արտահայտումը և կհաստատեն պետության կայունությունն ու արտաքին սպառնալիքներին դիմակայելու ունակությունը»,– ասել է Պուտինը։


Ռուսաստանի Պետական դումայի նոր գումարման պատգամավորների ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին։ Քվեարկությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18–20-ը։ Ընտրվելու է 450 պատգամավոր՝ 225-ը կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով։


Քարոզարշավը մեկնարկում է օգոստոսի 22-ին։ Միաժամանակ, Պետդումայում նախազգուշացրել են ընտրությունների ընթացքում հնարավոր սադրանքների մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին կոչ է արել քվեարկության օրերին արգելել ցույցերը Ռուսաստանի դեսպանատների մոտ։