Ոստիկանն ու նրա 2 ազգականը ձերբակալվել են, նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ստել, թե բռնության է ենթարկվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ishkhanutyun.am, այնուհետև՝ armlur.am լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից:


«2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:


Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:


Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:


Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:


Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:

Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: