ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին մի քանի օտարերկրյա գործընկերների հայտնել է, որ «այս պահին» ԱՄՆ-ը չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին Axios-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյան և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է Իրանի նկատմամբ ճնշման այլ միջոցների, այդ թվում՝ այս շաբաթ հայտարարված պատժամիջոցների նոր նախաձեռնության վրա։
Նրա խոսքով՝ Ռուբիոն հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն չի բացառել նոր հարվածների հնարավորությունը, եթե Իրանը առաջինը հարվածի։
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ներկայում ջանքեր են գործադրվում Իրանի դեմ ռազմական գործողություններից խուսափելու ուղղությամբ։
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ակնկալվում է, որ այս քաղաքականությունը կպահպանվի առնվազն մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների ավարտը, որոնք նախատեսված են նոյեմբերի 3-ին։ Դրանից հետո Վաշինգտոնը կարող է կրկին քննարկել Իրանի դեմ նոր ռազմական արշավ սկսելու հնարավորությունը։
«Մենք այժմ Իրանի հետ բանակցություններ չենք վարում։ Մենք ճնշում ենք գործադրում նրանց վրա։ Այդ ճնշումը կարող է ստիպել իրանցիներին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է ամերիկացի պաշտոնյան։