ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։
Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։
Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։
Ընկերությունն օգտվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից։