ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։


Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։


Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։


Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։


Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։


Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին՝ ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։