«Ծառուկյանի հանդեպ անբարո գործընթացը մեկ մարդու վրեժխնդրության սահմաններում է իրականացվում»,-հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ, նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով իր կուսղեկի հանդեպ իրականացվող իրավական գործընթացին։ Մինչ տիկին Տոնոյանը սրահներից մեկում անում էր իր այդ հայտարարությունը, լրահոսում հայտնվեց լուր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում Քննչական կոմիտեն պարզել ու հիմնավորել է ընկերության պատասխանատու անձանց կողմից 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանքների իրացման դեպքեր:
Չգիտենք՝ որքան ճկուն ու ընդգրկուն են Իվետա Տոնոյանի պատկերացումները բարոյականության
մասին, բայց այս մասնավոր դրվագը վկայում է՝ տիկինը կարիք ունի ընդլայնելու իր պատկերացումները՝
դուրս գալով իր շեֆի շահերի ծիրից ու կալվածքների պարիսպներից։ Բարոյականությունն ավելի ընդգրկուն
հասկացություն է ու բովանդակում է չկեղծելը, չխաբելը, չթալանելը, չթաքցնելը։ Օրինակ՝
տիկին Տոնոյանը եթե ոչ՝ «անբարո գործընթաց», ապա ի՞նչ անուն կարող է տալ պետությանը
խաբելը՝ հարկեր չվճարելը, հարկեր, որոնցից էլ գոյանում են աշխատավարձերը, թոշակները, նպաստները, բանակին ուղղվող մատակարարումներն
ու այսպես շարունակ։ Եթե ոչ՝ անբարո գործընթաց, ապա ի՞նչ է ընտրակաշառք բաժանելն ու ժողովրդի կամարտահայտության պատկերը
խեղելը։
Այնպես որ, բարոյականության մասին խոսելիս հարկ է, որ խոսողի հետագիծը, այս դեպքում՝
քաղաքական, չհակասի բարոյականության համընդհանուր ստանդարտներին։