Սեպտեմբերի 1-ին նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատեց

 

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։

 

Նշենք, որ ավելի վաղ  Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր հանդիպման մասին:


 

Ուշակովի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։

 


«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունից մեծ օգուտներ ստանալով։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել»,- ասել է Ուշակովը։


 

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանում վերջին ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ խոսքը նաև այն ընդդիմադիր գործիչների մասին է, որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ակտիվացման օգտին։ Ուշակովը նշել է, որ այդ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանի ղեկավարությանը։