2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆ

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ամփոփել է Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների՝ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները։ 


ՆԳՆ-ից հայտնում են՝ հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են հրամանատարաշտաբային, շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև սեմինար-պարապմունքներ, վարժանքներ և իրազեկման միջոցառումներ։

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել Փրկարար ծառայության մասնագիտական և գործնական պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների արդյունավետության, աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների կատարելագործման ուղղությամբ աշխատանքները։


Նա ընդգծել է նաև արձանագրված խնդիրների և դրանց պատճառների խորքային ուսումնասիրության, ինչպես նաև դեպքերի կրկնությունը բացառող գործնական լուծումների ներդրման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման հիմքում պետք է դրվեն ոչ միայն արագ և արդյունավետ արձագանքման, այլև աղետների ռիսկի նվազեցման սկզբունքները։


Միաժամանակ կարևորվել է կանխարգելման բաղադրիչի հետագա կատարելագործումը՝ հնարավոր վտանգներն ու ռիսկերը հնարավորինս վաղ փուլում բացահայտելու, դրանց հնարավոր ազդեցությունները նվազեցնելու և առաջացման դեպքում հնարավոր հետևանքները մեղմելու նպատակով։


Նախանշվել են նաև առաջիկա աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ կազմակերպել Փրկարար ծառայության հետագա գործունեությունը, շարունակաբար զարգացնել աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կարողությունները և բարձրացնել բնակչության պաշտպանության արդյունավետությունը։