Օրաթերթի հրապարակումը կեղծ է․ Մայրության նպաստների վճարումը տեղի է ունենում բնականոն և սահմանված ընթացակարգով

Աշխատանքի և բարեկեցության նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ես ճիշտն ասած չեմ դադարում զարմանալ, թե ինչու է «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում հարցումներ ուղարկել պետական գերատեսչությանը, եթե միևնույն է իրենց հրապարակումն անելու են այնպես, ինչպես ուզում են, և այնպիսի վերնագրով, որը պարզապես կեղծ է։


2026 թվականի սեպտեմբերի 2-ին Armlur.am-ը հրապարակվել է «Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238» վերտառությամբ նյութ։ Արդեն իսկ վերնագրում առկա ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ այն ընթերցողի մոտ ստեղծում է այնպիսի տպավորություն, թե մայրության նպաստները չեն վճարվում կամ առկա է դրանց վճարման համակարգային խնդիր։ Իրականության մեջ, սակայն, որևէ նման խնդիր չկա, և մայրության նպաստների վճարումը տեղի է ունենում բնականոն և սահմանված ընթացակարգով։


Նախարարության կողմից դեռևս 2026 թվականի հուլիսի 28-ին լրատվամիջոցին տրամադրված պաշտոնական պատասխանում հստակ ներկայացվել է նաև մայրության նպաստների նշանակման, հաշվարկման և վճարման ամբողջ գործընթացը:


Անընդունելի է, երբ պետական մարմնից ստացված պատասխանի այն հատվածները, որոնք կարող են պարզաբանել խնդիրը կամ ամբողջական պատկեր տալ, դուրս են մնում հրապարակումից, իսկ փոխարենը նյութում շեշտադրվում են առավել սենսացիոն կամ քաղաքական բնույթ ունեցող ձևակերպումները։