«Նա տեսել է պարբերաբար բակ մտնող և դուրս եկող կասկածելի մեքենաներ»․ ենթադրաբար սպանված բելառուսցի ակտիվիստը վախենում էր իր կյանքի համար
Օրեր առաջ Ուկրաինայում կասկածելի հանգամանքներում մահացած բելառուսցի ակտիվիստ Վիտալի Շիշովի ընկերուհին՝ Բաժենա Ժոլուջը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ չի հավատում սիրելիի ինքնասպանության վարկածին։ 

Նա նշել է, որ Շիշովը նախկինում անհանգիստ է եղել իրենց անվտանգության համար, որին ինքը լուրջ չի վերաբերվել։

«Նա մտահոգ էր,նստում էր պատուհանի մոտ ու ասում, որ տեսել է  պարբերաբար բակ մտնող և դուրս եկող կասկածելի մեքենաներ: Ես դրան լուրջ չէի վերաբերվում», - պատմել է Շիշովի ընկերուհին, նշելով, որ հիմա հասկանում է, որ ընկերն ինչ-որ կանխազգացում ուներ:

Բաժենան նաև նշել է, որ չի տեսել Շիշովին իր անհետացման օրը. «Ես արթնացա, նա արդեն գնացել էր », - պատմել է նա, հավելելով, որ մահվանից հետո իրեն թույլ չեն տվել տեսնելու ընկերոջը՝ հրաժեշտ տալու համար, քանի որ նրա օրինական կինը չէ։

Բաժենայի խոսքով՝ Շիշովը որոշ նախազգուշական միջոցառումներ էր ձեռնարկել՝ Ուկրաինայում ապրելիս։ Օրինակ՝ լուսանկարել մեքենաների համարները և կասկածելի մարդկանց, որոնց նա տեսել էր Կիևում: Նրա խոսքով, Շիշով չի դիմել ոստիկանություն, սակայն Ուկրաինայի անվտանգության ծառայությունների հետ կապի մեջ է եղել։

«Մենք համատեղ կյանք էինք պլանավորել, նա չէր կարող թողնել ինձ այս կերպ», -  BBC-ին ասել է տիկին Ժոլուջը։

Հիշեցնենք, որ Վիտալի Շիշովը բելառուսցի ակտիվիստ էր, ով մասնակցել  էր 2020 թվականի օգոստոսին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կասկածելի վերընտրությունից հետո Բելոռուսում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և, ճնշումների ենթարկվելով, լքել էր երկիրը, հաստատվել Ուկրաինայում։ Իսկ օրեր առաջ նրան մահացած էին գտել Ուկարինայում․ մարմինը կախված վիճակում՝ Կիևի այգիներից մեկում, մեկ օր անց, երբ նա դուրս էր եկել ամենօրյա վազքի և չէր վերադարձել:  

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կասկածով, որ սպանություն է տեղի ունեցել, որին փորձել են ինքնասպանության տեսք տալ:

Վիտալի Շիշովը հիմնել և ղեկավարում էր «Ուկարինայում բելոռուսական տուն» ՀԿ-ն , որն աջակցում է Բելոռուսը լքած այն մարդկանց, ովքեր ճնշումների են ենթարկվում՝ իշխանությունների կողմից։  

Նշենք նաև, որ ՄԱԿ-ն այս առիթով հայտարարել է, որ Շիշովի մահը ևս մեկ անգամ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչ է կատարվում Բելոռուսում և կոչ է արել հետաքննություն սկսել։

Սյուզի Սիրականյան