Ինչո՞ւ նոր կենսաչափական համակարգի ներդրման համար ընտրվեց պետություն-մասնավոր գործընկերության մոդելը․ ՆԳ նախարար

Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով իրականացնելու դեպքում կպահանջեր 7-ից 8 տարի և պետական բյուջեի խոշորածավալ ֆինանսական միջոցներ։ Պետություն-մասնավոր գործընկերության մոդելի կիրառման շնորհիվ այդ գործընթացը կիրականացվի շուրջ մեկ տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


Նա նշել է, որ առկա համակարգի խնդիրներն ու արդիականացման անհրաժեշտությունը

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ենթակառուցվածքների վիճակով․ «Պատճառն այն է, որ անձնագրային համակարգը հնամաշ է, իսկ ծառայությունների մատուցման համակարգը՝ ժամանակավրեպ»։


Նախարարի խոսքով՝ համակարգի ամբողջական արդիականացման համար պահանջվում է իրականացնել մի շարք տեխնիկական և կազմակերպչական քայլեր՝

 

  • նոր գրասենյակների կառուցում և դրանց դուրսբերում ոստիկանության տարածքներից,
  • նոր սերնդի սերվերային տնտեսության և միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների կենտրոնի հիմնում,
  • ժամանակակից ծրագրային ապահովման մշակում,
  • մասնագիտացված աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում:

 

Բացի այդ, ըստ Արփինե Սարգսյանի, արձանագրվել է, որ կենսաչափական համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջազգային փորձագիտական ներուժը Հայաստանում դեռևս բավարար չէր։


Նախարարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության շնորհիվ հնարավոր է դարձել միջազգային առաջատար փորձն ու տեխնոլոգիաները ներդնել «ոչ թե յոթից ութ, այլ շուրջ մեկ գերհագեցած տարվա ընթացքում»։


«Մասնավոր գործընկերը մատուցելու է բացառապես տեխնիկական ծառայություններ, բոլոր որոշումները կայացնելու է պետությունը»,-ասել է նա։