ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտներին իրենց հայրենիքից բացի այլ՝ երրորդ երկրներ արտաքսելու ծրագիրը՝ առանց նրանց նախապես հնարավորություն տալու բողոքարկել մարդու իրավունքների հնարավոր խախտումների հիմքով, հաղորդում է CNN-ը։
Վարչակազմը այս պրակտիկան ներդրել էր 2025 թվականին՝ որպես ներգաղթի վերահսկողությունը խստացնելու քաղաքականության մաս։
ԱՄՆ-ը երբեմն դժվարությունների է բախվում միգրանտներին իրենց հայրենի երկրներ արտաքսելու հարցում, երբ տվյալ պետությունների իշխանությունները հրաժարվում են ընդունել նրանց։ Թրամփի վարչակազմը խնդրի լուծման տարբերակներից մեկը համարում է միգրանտներին երրորդ երկրներ արտաքսելը, նույնիսկ եթե նրանք որևէ կապ չունեն տվյալ երկրի հետ։ Ըստ հրապարակված գնահատականների՝ այս ծրագրի շրջանակում արդեն շուրջ 25 հազար միգրանտ է արտաքսվել։
Այս քաղաքականությունը խիստ քննադատության է արժանացել իրավապաշտպանների և Թրամփի քաղաքական հակառակորդների կողմից։ Միևնույն ժամանակ, ավելի քան 30 երկիր համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող միգրանտների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոստա Ռիկան, Պանաման և Պարագվայը։
Արտաքսման վերաբերյալ համաձայնագրեր են քննարկվում կամ կնքվում նաև մի շարք աֆրիկյան երկրների հետ։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ իր պաշտոնը ստանձնելուց առաջ ԱՄՆ-ում շուրջ 25 միլիոն մարդ ապօրինի կերպով էր գտնվում։ Նա բազմիցս հանդես է եկել ավելի խիստ ներգաղթային քաղաքականության օգտին։
Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մտադիր է իրականացնել երկրի պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների արտաքսման ամենամեծ գործողությունը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ 2025 թվականից ի վեր երկրից արտաքսվել է ավելի քան 622 հազար ապօրինի ներգաղթյալ։
Միևնույն ժամանակ, տարվա սկզբից ԱՄՆ-ից հեռացել է ավելի քան 2 միլիոն ներգաղթյալ, այդ թվում՝ մարդիկ, որոնք այսպես կոչված ինքնաարտաքսման համար դիմել են բջջային հավելվածի միջոցով։