ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ չկիրառել Ռուսաստանի դեմ նախատեսված նոր լայնածավալ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը։ Խոսքը, այսպես կոչված, «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքով նախատեսված սահմանափակումների մասին է, որը Թրամփը ստորագրել էր սեպտեմբերի վերջին։
Համապատասխան հրամանագիրը Սպիտակ տան կայքում հրապարակվել է հոկտեմբերի 16-ին։
Օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պետք է մինչև հոկտեմբերի 18-ը կիրառեր նախատեսված սահմանափակումները։ Միաժամանակ, փաստաթուղթը նրան իրավունք է տալիս հրաժարվել դրանց կիրառումից, եթե դա բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։
«Սույնով ես հրաժարվում եմ կիրառել սենատոր Լինդսի Գրեհեմի օրենքով նախատեսված պատժամիջոցները, սահմանափակումներն ու պարտավորությունները։ Ես Կոնգրեսին ներկայացրել եմ հավաստում, որ նման բացառության կիրառումը ներկայումս բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից»,- նշվում է հրամանագրում։
Մասնավորապես, Թրամփի որոշմամբ առայժմ չեն կիրառվի ռուսական ապրանքների նկատմամբ նախատեսված լրացուցիչ 500%-անոց մաքսատուրքերը։ Հետաձգվում է նաև ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների շարքում ընդգրկված երկրների, ինչպես նաև Մոսկվային պատժամիջոցները շրջանցելու հարցում ակտիվորեն աջակցող պետությունների արտադրանքի նկատմամբ 100%-անոց մաքսատուրքերի սահմանումը։
Հրամանագրի համաձայն՝ սահմանափակումների չկիրառումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը, ֆինանսների նախարարի և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հետ խորհրդակցելուց հետո, չեն որոշել, որ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն կա։
Միաժամանակ, որոշումը չի վերաբերում Ռուսաստանի դեմ այն սահմանափակումներին, որոնք գործում էին դեռևս մինչև Գրեհեմի օրենքի ընդունումը։