Պուտինը ԱՄՆ և Չինաստանի նախագահներին առաջարկել է հանդիպել Ուկրաինայի հարցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդներին առաջարկել է հանդիպել հաջորդ ամիս և քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրին։


Ռուսական հետախուզության նախկին աշխատակցի խոսքով՝ Պուտինը այս գաղափարը հայտնել է ԱՄՆ նախագահի հետ հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի ժամանակ։


«Այս ծրագիրը Պուտինի փորձն է՝ օգտվելու Թրամփի և Ռուսաստանի առաջնորդի միջև հարաբերությունների ջերմացումից, ինչը մտահոգություն է առաջացրել Ուկրաինայում և Վաշինգտոնի ու Եվրոպայի նրա դաշնակիցների շրջանում։ Նման գագաթնաժողովը՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության, աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպական մայրաքաղաքներում և դրանից դուրս»,- նշվում է հաղորդագրության մեջ։


ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը դեռևս համաձայնություն չի հայտնել գագաթնաժողովի անցկացմանը։ Այնուամենայնիվ, պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ նախագահը կարող է դրական վերաբերվել այդ գաղափարին՝ հաշվի առնելով նախընտրական խոստումը կատարելու և հակամարտությունը կարգավորելու նրա ցանկությունը։