Պայմանավորվածություն չկա․ Պեսկովը՝ Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացվել, և նման հանդիպում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։


Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ երեք երկրների ղեկավարներն էլ կարող են մասնակցել Չինաստանում կայանալիք գագաթնաժողովին, հնարավոր հանդիպման հարցը քննարկվել է, սակայն որևէ հստակ առաջարկ չի ներկայացվել։


«Ո՛չ բուն հանդիպման անցկացման, ո՛չ էլ դրա օրակարգի վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ կամ պայմանավորվածություն չի քննարկվել կամ ներկայացվել», -նշել է Պեսկովը։


Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավորությանը՝ առանց Կիևի մասնակցության։


Նրա խոսքով՝ թեև ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հասնելու ուղղությամբ, վերջնական կարգավորումն անհնար է առանց Ուկրաինայի այնպիսի ներկայացուցչի մասնակցության, որը պատրաստ կլինի ստանձնել համապատասխան պատասխանատվությունը։