«Փարիզը շատ շուտով կդառնա մուսուլմանական քաղաք, իսկ Եվրոպայի վերջը կգա՝ սահմանները չփակելու դեպքում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ֆրանսիայում վերջին իրադարձությունները, հայտարարել է, որ ներգաղթը «ավերել է» Ֆրանսիան, և որ Փարիզը մոտ ապագայում կարող է դառնալ «մուսուլմանական քաղաք»։


Լրագրողների հետ զրույցում Թրամփը ասել է. «Դա շատ տխուր է… այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում։ Ֆրանսիայում տեղի ունեցողը կապված է ներգաղթի հետ։ Ոչ թե դպրոցների կամ որևէ այլ բանի, այլ հենց ներգաղթի հետ»։


ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը «վաղուց» էր նախազգուշացրել Ֆրանսիայի առաջնորդին. «Դու մեծ սխալ ես թույլ տալիս Ֆրանսիայում։ Դու թույլ ես տալիս մարդկանց  գալ աշխարհի տարբեր ծայրերից։ Ամբողջ աշխարհը գալիս էր ձեզ մոտ... Եվ, ինչպես գիտեք, Փարիզը շատ շուտով կդառնա մուսուլմանական քաղաք...»։


Թրամփը պնդում է, որ ինքը Մակրոնին կոչ է արել փակել սահմանները դեռևս առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ «Դուք միայն խնդիրներ կունենաք։ Եվ նրանք իրականում շատ խնդիրներ ունեն»,- ասել է Թրամփը։


Նա նաև մեղադրել է ֆրանսիական իշխանություններին, որ նրանք թույլ են տվել երկիր մտնել նրանց, ովքեր, նրա պնդմամբ, ոչ մի կապվածություն չունեն Ֆրանսիայի հետ. «Նրանք թույլ են տվել իրենց երկիր մտնել մարդկանց, ովքեր չեն սիրում այն, չեն սիրում նրա շենքերը։ Նրանք չեն սիրում իրենց արվեստը»։ «...Ես հույս ունեմ, որ Ֆրանսիան կարող է վերականգնվել»,- ասել է ԱՄՆ նախագահը։


«Եվրոպան չի փակում իր սահմանները և չի վտարում հանցագործներին, ինչպես նրանց, ովքեր հիմա բողոքում են։ Եվրոպայի վերջը եկել է։ Եվրոպան պետք է փակի իր սահմանները, ինչպես ես նրանց ասում եմ արդեն 10 տարի։ Նրանք պետք է փակեն իրենց սահմանները և վտարեն նրանց, ովքեր ատում են իրենց երկրները, որովհետև հակառակ դեպքում նրանց վերջը եկել է։ Նրանց գոյատևման ոչ մի շանս չի մնում... Նրանք (Եվրոպայի իշխանությունները) պետք է փակեն իրենց սահմանները և վտարեն այդ չարագործներին»,- հավելել է Թրամփը։


Ֆրանսիայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն արձագանքել Ամերիկայի նախագահի հայտարարությանը։