ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՎԳՏՌԿ-ի թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունները և հնչեցրել Ռուսաստանի դիրքորոշումը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պայմանավորվել է
ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որ պատրաստ է վերսկսել եռակողմ շփումները։ «Այս
բանակցությունների նպատակը կլինի քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգության
ապահովման հարցերը խաղաղության համաձայնագրի ձեռք բերումից հետո, ընդ որում՝
վերջնական տարբերակով, այլ ոչ թե ռազմական գործողությունների դադարեցման
արդյունքում: ...Կարծում եմ՝ կարող ենք պայմանավորվել... բայց ամեն դեպքում մենք
կլուծենք մեր խնդիրները, և հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները
կիրականացվեն»,- ասել է նա։
Զարուբինը Պուտինին հարցրել է նաև Զելենսկու
հայտարարության մասին, որը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է
սառեցնել շփման գիծը՝ պահպանելով Ուկրաինայի տարածքի 75%-ը (և կորցնելով 25%-ը,
ինչպես ձևակերպված է հարցում): Պուտինը պատասխանել է, որ դա «իրենց տարածքը չէ, դա
պատմական Ռուսաստանի տարածքն է, ուստի
տեղին չէ խոսել տարածքային կորուստների մասին»։
«...Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանին
մարտադաշտում հաղթելը անհնար է, և նրանք, ովքեր պատմության ընթացքում ձգտել են
Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, հասկանում են կյանքի իրողությունը»,-
ընդգծել է Պուտինը։
Բացի դրանից Պուտինը հայտարարել է, որ
պատերազմ ուզում է հենց Ուկրաինան, ոչ թե
Ռուսաստանը։
«Մենք չենք ուզում կռվել Ուկրաինայի դեմ։
Եթե Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է կռվել, թող կռվի, բայց
ինչո՞ւ է կարծում, որ բոլորը պետք է վճարեն դրա համար և զենք մատակարարեն իրենց։
<…> Մենք նաև հիմա ենք պատրաստ պայմանավորվել և հանգուցալուծում փնտրել այս
դժվարին իրավիճակից։ Դա մեզ շատ մտերիմ ժողովուրդ է։ Վերջին գենետիկական
ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնույն
ժողովուրդն են»,- նշել է Պուտինը՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի՝ ասելով «վերջին
գենետիկական ուսումնասիրությունները»։