Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել և դադարեցնել ռազմական գործողությունները ռազմաճակատի ներկայիս գծով։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Կիևը չի ճանաչի օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս։
Անդրադառնալով Ուկրաինայի տարածքային կորուստների հարցին՝ Զելենսկին նշել է, որ ռուսական ուժերը ներկայումս վերահսկում են երկրի տարածքի 19,3 տոկոսը, ոչ թե 25 տոկոսը։
«Երբ ինչ-որ մեկը խոսում է 25 տոկոսի մասին, դա նշանակում է, թե մենք ինքնակամ պետք է դուրս գանք Դոնբասի մեր տարածքից», -ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը՝ սառեցնելով հակամարտությունը ներկայիս շփման գծով, սակայն առանց օկուպացված տարածքները Ռուսաստանի մաս ճանաչելու։