Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը․ Բերենդսենը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացումը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Երկրի ղեկավարը կարևոր է համարել Նիդերլանդների դերը նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման և մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում։

70460_b.jpg (823 KB)

Թոմ Բերենդսենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ այս այցի արդյունքներով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ Վերջինս հավելել է, որ Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է շարունակել աջակցությունն այդ գործում։


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։


Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչը նպաստում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, այդ թվում՝ TRIPP և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմանը։