Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում կայացավ ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Հարություն Գրիգորյանը ներկայիս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր։
Շուրջ երկու տարի առաջ Եղեգնաձորում կատարված դեպքից մինչ օրս փոխգնդապետ Արա Մխիթարյանը գիտակցության չի եկել։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Հարություն Գրիգորյանը հարվածել էր սպային, սպան անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել, բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր. «Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.: Քննությամբ պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ, պարզվել էր նաև, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա»:
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Հարություն Գրիգորյանի եղբայրը։
Ամբաստանյալ Հարություն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանը նիստի ժամանակ միջնորդել էր Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել գրավով, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։
Civic.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ 5000 դոլարին համարժեք դրամ էին առաջարկում որպես գրավ, և խնդրել էին դատարանից, որ եթե դատարանը հնարավոր համարի իրենց առաջարկած գումարից նվազ չափով գրավ կիրառել, ապա մնացած գումարը Հարություն Գրիգորյանը պատրաստ է ուղղել տուժողի ապաքինմանը։
Տուժողի հայրը հայտարարել էր, որ իր որդու արյունը չի վաճառվում, դատախազը ևս դեմ էր խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելուն և պաշտպանական կողմին առաջարկել էր տուժող կողմին գումարով աջակցության փոխարեն չգործածել «հարբած» տերմինը։
Նշենք, որ, ըստ պաշտպանական կողմի, ՊՆ սպայի և Հարություն Գրիգորյանի միջև խնդիր է առաջացել սպայի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով, սակայն ամբաստանյալը հերքել է, որ ինքը հարվածել է սպային։ Պաշտպանական կողմը սպայի գործողությունները նկարագրելիս դատարանում հաճախ արտաբերում էր «հարբած» բառը։
Փաստաբան Լևոն Սահակյանի խոսքով՝ իրենք նպատակ չունեն գումար ուղղել տուժողի առողջության ապաքինմանը, որպեսզի դրանով սիրաշահեն տուժողի իրավահաջորդին կամ դատախազին, այլ հենց ուղիղ նպատակով են այդ գումարը ուղղելու, որ տուժողն ապաքինվի։
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ տարբեր լրատվամիջոցներով շահարկվում է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկային ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը միջադեպին ներկա է եղել։ Կարո՞ղ էր Ձեր պաշտպանյալը ենթադրյալ խմբակային հանցագործությունն իր ուսերին վերցնել և հերքեր Տրդատ Սարգսյանի ներկայությունը։ Ի պատասխան այս հարցի՝ Լևոն Սահակյանն արձագանքեց. «Այն երեք սպաները, որոնք հայտնել են, որ միջադեպին տեսել են Տրդատ Սարգսյանին, նույնիսկ իրենք իրենց ցուցմունքներով հայտնել են, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ եղել է և ոչինչ չի կատարել։ Այսինքն՝ ինքնին այնտեղ գտնվելը Տրդատ Սարգսյանի որևէ հանցանք չէր պարունակի։ Թեպետ ունենք փաստ, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ չի եղել, որն արձանագրված է ձայնագրությամբ, և այդ փաստը հայտարարել է Քննչական կոմիտեն»։
Մեզ հետ զրույցում տուժողի ներկայացուցիչը՝ Պն սպա Արա Մխիթարյանի հայրը, ընդգծեց, որ բացի այն հանգամանքից, որ տղան դեռևս գիտակցության չի եկել, օրերս էլ ավելի է վատացել նրա առողջական վիճակը։
Նարա Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում