«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ. Fip.am
Այսօր՝ մարտի 2-ին, մի շարք լրատվականներ տարածեցին երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի՝ «Իմ Քայլը» դաշինքի էջով տարածած լուսանկարը՝ պնդելով, թե լուսանկարը ենթարկվել է խմբագրման «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով։

Ի դեպ, լուսանկարով իրենց էջերում կիսվել են իշխանության թիմից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլք։ 

Լուսանկարի՝ իբր խմբագրված լինելու մասին հրապարակումներով հանդես են եկել, մասնավորապես, BlogNewsAlternativ.amYerevan.TodayTimes.amYerkir.am կայքերը և Mediaport տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ այդպիսի խմբագրում արվել է մասնակիցների քանակն ավելի մեծ ցույց տալու նպատակով։

Լուսանկարների՝ նախկինում խմբագրված լինելու հանգամանքը ստուգող FotoForensics ծրագրով իրականացված ուսումնասիրությունը, սակայն, վկայում է, որ այդ լուսանկարը ֆոտոմոնտաժի չի ենթարկվել։

Ավելին, համոզվելու համար, որ ծրագիրն իրոք կֆիքսեր այդպիսի միջամտությունները, մենք փորձեցինք «խմբագրել» այդ լուսանկարը՝ ավելացնելով մարդկանց, պաստառներ և այլն։ Այս դեպքում վերոնշյալ ծրագիրը միանգամից արձանագրեց փոփոխությունները և բացահայտեց միջամտությունը։ Մենք փորձեցինք նաև քողարկել մեր «խմբագրումները» տարբեր ֆիլտրերի և էֆեկտների միջոցով, սակայն ծրագիրը հայտնաբերեց նաև դրանք։



Հետևաբար, կարող ենք պնդել, որ լրատվական կայքերի կողմից շրջանառվող լուսանկարն իրականում չի ենթարկվել ֆոտոմոնտաժի։
Ավելին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության արած աերոնկարահանման արդյունքում ստացված լուսանկարներից մեկում ևս երևում է նմանատիպ պատկեր։