Սասուն Խաչատրյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին
ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` «զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով»: Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը երեկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:  

Հայցադիմումի հիմքում թերթի հետևյալ հրապարակումն է. Դեռևս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:  

Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:  

Մեր հարցին, թե ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը լրատվամիջոցից 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ ներկայացրել, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանեցին, թե Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում նշված գումարը բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին: