ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը
Եվրոպայի խորհուրդն ՀՀ արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից,  ԵԽ գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարար Անդրեասյանին ընդունելության համար, ընդգծել Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել։

Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը ԵԽ գործընկերոջը ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն պայքարին, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ոստիկանության բարեփոխումներին և դատավորների բարեվարքության ստուգմանը։ Վերջինի առումով երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ սերտ համագործակցությունը։