ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:
Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման:
Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:
Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին: