Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում այսօր կայացավ ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում Հարություն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։
Ճառում նա մասնավորապես նշեց, որ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա խմբի կազմում՝ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն ամբողջ դատաքննությունն ավարտվեց, և այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ ովքեր են գործով ինքնությունները չպարզված երևակայական անձինք:
«Ի սկզբանե Հարություն Գրիգորյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա իր եղբոր՝ Զավեն Գրիգորյանի հետ համատեղ գործելով է Արա Մխիթարյանի առողջությանը պատճառել ծանր վնաս: Այդ մասով ինչ-որ չափով մեղադրանքը պարզ էր, և Հարություն Գրիգորյանը կարողացավ արդյունավետ պաշտպանվել ու ապացուցել, որ Զավեն Գրիգորյանը դեպքի պահին դեպքի վայրում ընդհանրապես չի գտնվել: Իսկ այսօր, երբ առաջադրված է նման անորոշ մեղադրանք, Հարություն Գրիգորյանը զրկված է գործով չպարզված այդ անձանց ալիբիների առումով նույնպես որևէ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից»,- ասաց Լևոն Սահակյանը:
Այնուհետև նա նշեց, որ եթե մինչև անգամ կտրվեն իրականությունից և հիմնվեն մեղադրական ճառի տրամաբանության վրա և որպես միակ ու անվիճելի ապացույցներ սույն գործով ընդունեն բացառապես Լևոն Հարությունյանի, Մխիթար Մելքոնյանի ու Մարիամ Հունանյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, աչք փակեն այն հանգամանքի վրա, որ դրանք հակասում են ոչ միայն նախաքննական ցուցմունքներին, ոչ միայն մեկը մյուսին, այլ նաև իրենք իրենց, ապա կրկին կգան եզրահանգման, որ Հարություն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը մերկապարանոց է:
Պաշտպանը նշեց, որ նշված անձինք դատաքննության ընթացքում այնուամենայնիվ պնդեցին, որ Հարություն Գրիգորյանի հարվածներից հետո Արա Մխիթարյանը ուշագնաց է եղել, որից հետո նոր ինչ-որ երևակայական այլ անձինք սկսել են հարվածել տուժողին:
Փաստաբանն իր ճառում նաև նշեց, որ միայն պետք է արձանագրել փաստը, որ թե՛ Լևոն Հարությունյանը, թե՛ Մխիթար Մելքոնյանը, թե՛ Մարիամ Հունանյանը դատարանին փորձում էին հավատացնել, թե իբր դեպքի պահին դեպքի վայրում տեսել են Հարություն Գրիգորյանի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, Արա Մխիթարյանին հարվածելիս, սակայն այդ փաստը հերքվեց անվիճելի ապացույցներով, և հենց սույն գործով մեղադրական կողմը եկավ եզրահանգման, որ Զավեն Գրիգորյանը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել:
«Գրեթե նույն պատմությունը տեղի ունեցավ նաև Տրդատ Սարգսյանի և Մուշեղ Ներսիսյանի մասով: Վերոգրյալ երեք անձինք պնդում էին, թե տվյալ անձանց տեսել են դեպքի վայրում դեպքի պահին, սակայն քննությամբ հերքվեց նաև այդ հանգամանքը: Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում լինելու կամ չլինելու հանգամանքը առաջին հայացքից քննության հետ առնչություն չունի և էական չի սույն գործով պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: Սակայն այդ հանգամանքի պարզումը էական էր այն առումով, որ ևս մեկ անգամ փաստվեց, որ վերոգրյալ երեք անձինք ունակ են վարույթն իրականացնող մարմնին հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչն էլ նշանակում է, որ տվյալ փաստը նույնպես պետք է հաշվի առնվի վերոգրյալ անձանց ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ Հարություն Գրիգորյանը ներկայիս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր։
Իր ճառում փաստաբանը նաև հիշեցրեց, որ Մխիթար Մելքոնյանը քննիչի մոտ տված ցուցմունքում նշել էր, որ Արա Մխիթարյանը միջադեպի ժամանակ հարբած է եղել։
Պաշտպանի ճառից հետո խոսեց նաև Հարություն Գրիգորյանը։
Նա նշեց, որ ինքը չէր ցանկանա, որ որևէ մեկի հետ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ իր հետ, երբ իր եղբորը անհիմն կերպով հինգ ամսով ազատազրկեցին։ Եվ ինքը մեղավոր էր իրեն զգում այն բանի համար, որ դեպքի օրը զանգել էր և կանչել էր եղբորը։
Այնուհետև դատավորը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով 2022 թվականի հունվարի 5-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։