Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները։
«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցությունների միջոցով»,- ասել է Աբդուլաևան։
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանին ներկայացրած առաջարկների 5 կետերը՝
- Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
- Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
- Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից։
- Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
- Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։