Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։

Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:

Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային և պատմական կապերն ամուր են ու անքակտելի և բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցության ոգուց։

Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման, և հանդես է գալիս այդ ուղղությամբ իր ջանքերը շարունակելու վճռականությամբ։

Հայաստանի համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը, և մենք նույն եռանդով շարունակում ենք իրականացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ 2018 թվականին ստանձնած նախագահությունը: Այս նախագահության սահուն ընթացքը, Կազմակերպության արդյունավետ աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։

Այս տարի ևս Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում՝ տոնելու ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը, ինչպես նաև մեր ընդհանուր արժեքները:

Այս նպատակով Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ` երկրում գործող ֆրանկոֆոն հաստատությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների մասնակցությամբ, որոնք իրենց նվիրվածությամբ և ստեղծագործ եռանդով ապահովում են Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջողությունը։

Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները թույլ կտան ամրապնդել ֆրանկոֆոն աշխարհը միավորող համերաշխության և բարեկամության կապերը՝ ամրապնդելով մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն մշակույթին:

Ամփոփելով՝ բարեհաջող ընթացք եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին։