Դանիայում երկու քաղաքացի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո գլխուղեղի թրոմբոզով և արյունազեղության ախտանիշներով հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, նրանցից մեկը մահացել է:
Գիտնականները փորձում են պարզել քաղաքացիների վիճակի վատացման հնարավոր կապը AstraZeneca-ով պատվաստվելու հետ: Սա Դանիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մահվան արդեն երկրորդ դեպքն է: Երկրում տվյալ պատվաստանյութի կիրառումը դադարեցվել էր մարտի 11-ին՝ 60-ամյա պատվաստված կնոջ մահից հետո: Մի շարք երկրներ, որպես նախազգուշական միջոց, կասեցրել են պատվաստանյութի օգտագործումը՝ հաշվի առնելով տեղեկություններն այն մասին, որ դա նպաստում է խոշոր անոթներում թրոմբերի առաջացմանը: